Google-ն էլեկտրոնային արխիվ է բացել, որտեղ հավաքված են աշխարհի տարբեր երկրների սահմանադրությունները:  Ըստ ընկերության հաղորդագրության՝ այդ նախաձեռնության նպատակն է օգնել պետություններին իրենց սահմանադրությունները կազմելիս:

Արխիվը կարելի է ուսումնասիրել որոնողական համակարգի միջոցով, այնտեղ կգտնեն եւ կհամեմատեն տարբեր պետությունների հիմնական օրենքներում եղած առանձին դրույթները:

Նման արխիվը հատկապես կարեւոր է այն երկրների համար, որոնք վերջերս քաղաքական ճգնաժամ կամ ռազմական հակամարտություն են տեսել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մասնավորապես, Նյու Յորքում արխիվի պաշտոնական բացմանը ներկա Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկին ասել է, որ իր երկիրը նախատեսում է ակտիվորեն օգտվել արխիվից: Թունիսում քաղաքական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ նոր սահմանադրության  նախագծի շուրջ, որի անհրաժեշտությունը ծագել էր 2011թ. հեղափոխությունից հետո: