Երեւանի քաղաքապետարանի ենթակայության համար 136 հիմնական դպրոցում բացվել է նորագույն տեխնիկայով եւ գույքով հագեցած համակարգչային դասարան:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին եւ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանին:
Դպրոցի տնօրինությունն ու աշակերտներն իրենց երախտիքն են հայտնել ծրագրի արդյունքում համակարգչային դասարանը կահավորելու համար: 2012թ.-ին ստորագրված հուշագրի համաձայն, այժմ արդեն համակարգչային դասարաններ են բացվել թվով 4 դպրոցներում, եւս 4-ը կբացվեն առաջիկայում: Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 15 դպրոցներ մինչեւ տարեվերջ կունենան համակարգչային տեխնիկայով հագեցած եւ համացանցով ապահովված դասասենյակներ:
Դրանցից առաջինը գործարկվել է անցյալ տարի` Աջափնյակ վարչական շրջանի համար 156 դպրոցում: Շարունակական այս ծրագիրը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակներից մեկն է: Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած դասարանները հնարավորություն են ընձեռում ինտերակտիվ կապ հաստատել նաեւ այլ պետությունների դպրոցների հետ:





























