Սեպտեմբերի 24-ին «Հանրապետության հրապարակում» ազատամարտիկները ստորագրահավաք են կազմակերպել իրենց մարտական ընկերոջը՝ կալանավորված Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու պահանջով:
«Մենք գիտենք, որ Վոլոդյան նման բան անող չի, ազնիվ, մաքուր, հայրենասեր տղա է: Երբեք իր կյանքում վատ բան չի արել, միշտ արժանացել է հրամանատարության խրախուսանքին: Եվ վերջապես նա ազատամարտիկ է, ամբողջ պատերազմն անցել է, միայն մաքուր անցյալ ունի, և չի կարող պատահել, որ բարձրաստիճան սպան, գնդապետը, այսպիսի էժանագին ձևով գործարքի մեջ մտնի զինակոչիկի պապիկի հետ»,- NEWS.am-ի թղթակցին ասաց ազատամարտիկ, փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը:
Ազատամարտիկները վստահ են, որ Վոլոդյան Ավետիսյանին կալանավորելու իրական շարժառիթը նրա հասարակական գործունեությունն է: Նա է եղել ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին առաջին բարձրաձայնողը. «Վոլոդյան շատ լավ գիտեր, որ մայիս ամսից, երբ սկսվեց շարժումը, իր հեռախոը սկսեցին լսել, իրեն հետևում էին, ամեն քայլի մասին իշխանությունները տեղյակ էին: Ու իմանալով այդքանը՝ օգոստոս ամսին ինքը գնաց անծանոթ մարդու հետ գործարքի, աբսուրդ է»:
Մարտական ընկերները դեմ չեն, որ հետաքննություն անցկացվի եւ պարզվի իրականությունը, բայց պահանջում են, որ մինչեւ հետաքննության ավարտը Վոլոդյան ազատության մեջ լինի:
«Նա արժանի չէ դրան: Դատավորի ասածն աբսուրդ է: Ասել է, իբր եթե ազատության մեջ մնա, էլի հանցագործություն կանի, այսինքն նրան պոտենցիալ հանցագործ են համարում»,- ասաց Սամվել Մկրտչյանը:
Վոլոդյայի ընկերները պատրաստվում են կալանքի մասին որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»:











