Իրանի նախագահ Հասան Ռուհանին ընդունել է Հոլոքոստը` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից հրեաների զանգվածային կոտորածը: Հոլոքոստը հանցագործություն էր հրեա ժողովրդի նկատմամբ, ամերիկյան լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է Իրանի նախագահը:
Այս հայտարարությոնը գրեթե սենսացիոն է, քանի որ ավելի վաղ Մահմուդ Ահմադինեժադը, վճռականորեն հանդես գալով Իսրայելի դեմ, բազմիցս կարծիք էր հայտնել, որ Հոլոքոստը միայն պատմական առասպել է, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բեմից ելույթ ունենալով` Ռուհանին հայտնել է, որ պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել այդ հարցի շուրջ, բացի դրանից էլ, առաջարկել է երկրներին հրաժարվել միջազգային պատժամիջոցների պրակտիկայից: Իրանի նախագահը հայտնել է, որ իր երկրի ռազմական զինանոցում միջուկային զենք չկա, հաղորդում է «Ռոսբալտը»:
«Իրանի միջուկային ծրագիրը պետք է բացառապես ծառայի խաղաղ նպատակներին: Միջուկային զենքը տեղ չունի Իրանի ռազմական զինանոցում», - ասել է նա: Նա հավելել է, որ Իրանը վտանգ չի ներկայացնում Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի համար, այլ հակառակը, կայունության գրավական է:





























