Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իրանցի նախագահ Հասան Ռուհանիի ելույթը ցինիկ եւ երկերեսանի է կոչել:

Նեթանյահուն կարծում է, որ Թեհրանը փորձում է ժամանակ ձգձգել, որպեսզի իրականացնի միջուկային զենքի ստեղծման իր ծրագրերը: Նա նաեւ հավելել է, որ փոխանակ ելույթներ ունենալու Իրանը պետք է սկսի գործել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:

ՄԱԿ-ի ամբիոնից Ռուհանին հայտարարել է, որ իր երկիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում եւ որ միջուկային զենքը տեղ չունի Իրանի միջուկային դոկտրինայում: Իրանի նախագահի խոսքով՝ երկիրը պատրաստ է այդ հարցի շուրջ հստակ ժամկետներում հրատապ բանակցություններ սկսել: 

Մինչեւ Ռուհանին կմոտենար ամբիոնին, իսրայելական պատվիրակությունը հայտարարել էր, որ բոյկոտում է նրա ելույթը: Նեթանյահուի վարչակազմը հայտարարել էր, որ իսրայելական պատվիրակությունը ներկա կլինի Իրանի ներկայացուցիչների ելույթներին, երբ այդ երկիրը դադարի հերքել Հոլոքոստը:

ՄԱԿ-ում ելույթից կարճ ժամանակ անց Ռուհանին հարցազույց է տվել CNN-ին, որում ընդունել է Հոլոքոստի՝ պատմական փաստ լինելը:

Իրանի նախագահն ընդունել է Հոլոքոստի փաստը