«Գրանդ Քենդի» գործարանի ստվարաթղթի արտադրամասում սեպտեմբերի 25-ի լուսադեմին բռնկված հրդեհը, ԱԻՆ-ի տվյալով, մեկուսացվել է ժամը 11.10-ին, մարվել 12.13-ին: Այրվել է ընդհանուր առմամբ 1800 քառակուսի մետր տարածք։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոտքի է հանվել մայրաքաղաքի ամբողջ հրշեջ տեխնիկան։ ԱԻՆ-ի փրկարար վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը լրագրողներին ասել էր, որ քաղաքապետի հանձնարարությամբ դեպքի վայր են ուղարկվել նաեւ քաղաքապետարանի տրամադրության տակ գտնվող եւ Բնապահպանության նախարարության բոլոր ջրատար մեքենաները, որոնք ջուր են ապահովել հրշեջ մեքենաներին։

«Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի ամբողջ ղեկավար կազմը շենքում է, փորձում են պարզել հրդեհի առաջացման պատճառները։

Գործարանի տարածքը մարման ամբողջ գործողության ընթացքում փակ է եղել լրագրողների համար։ Հրդեհն այնքան ուժգին էր, որ ծուխը երեւում էր հարակից թաղամասերից: