«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը սեպտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին, Մատենադարանի մոտ պիկետ է անցկացրել, որի նպատակն էր Մատենադարանում ընթացող «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» գիտաժողովի մասնակիցներին հիշեցնել «Ծածկած շուկայի» խնդրի մասին:

Մոտ մեկ տասնյակ ակտիվիստները «Ազգային մնայուն արժեքին կեղտոտ ձեռքերով չկպնել», «Երեւանը մեր քաղաքն է» գրությամբ պաստառներով եւ դրոշներով գիտաժողովի մասնակիցներին կոչ են արել քննարկել նաեւ «Ծածկած շուկայի» խնդիրը։ «Կոչ ենք անում բոլոր մտահոգ մարդկանց, քաղաքացիներին ճնշում գործադրել պատկան մարմինների վրա, որպեսզի Ծածկած շուկան վերականգնի իր նախկին տեսքը եւ մնա պատմամշակութային հուշարձան»,- հայտարարեց Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը:

Նա նաև նշեց, որ նման գիտաժողովները որևէ իմաստ չունեն, քանի որ դրանք գործնականում որևիցե ազդեցություն չեն ունենում: Մատենադարանի դիմաց ակտիվիստներից մեկը՝ ազատամարտիկ Աղավնի Սահակյանը, վեճի բռնվեց գիտաժողովին մասնակցող,«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի խմբագիր Գարեգին Ղազարյանի հետ՝ նրան մեղադրելով անգործության համար: 

Ակտիվիստ Աղավնի Սահակյանը նրան հորդորեց անձամբ բարձրացնելու այդ հարցը գիտաժողովում: «Ազնիվ խոսք, շատ ցավում եմ , որովհետև ինքն իրավունք չունի այսպես պասիվ լինի: Ինչի՞ պետք է ես պատերի հետևից փորձեմ մի բան ասել, բայց ինքը տեղում չասի»,- ասաց տիկին Աղավնին:

«Եթե քաղաքական խոշոր հարցերը չեն լուծվում, էս ոլորտի խոշոր հարցերը չեն լուծվի»,- արդարացավ Գարեգին Ղազարյանը՝ նշելով, որ Հայաստանում իրավիճակի տերը մշակութային գործիչները չեն: Նա ասաց, որ չնայած Ծածկած շուկայի հարցն այսօր գիտաժողովում չի քննարկվել, բայց վերջին նիստին` սեպտեմբերի 27-ին, միգուցե քննարկվի:

Նշենք, որ գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Լեհաստանից, Սիրիայից, Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից և Վրաստանից: