Երկրի մթնոլորտում թթվածինն առաջացել է ոչ թե 2,4 մլրդ տարի առաջ, ինչպես կարծում էին գիտնականները, այլ՝ ավելի քան 3 մլրդ տարի առաջ,  գրված է Nature ամսագրում դանիացի գիտնականների հրապարակած հոդվածում:

Ուսումնասիրողները նման եզրահանգման  են եկել  ավելի քան 3 մլրդ տարվա հողում եւ հանքաքարերում քրոմի եւ այլ մետաղների իզոտոպների բաշխվածության ուսումնասիրությունից հետո:

Գիտնականների խոսքով՝ քիմիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թթվածինն առաջացել է ավելի քան 3 մլրդ տարի առաջ. Արդեն այն ժամանակ քարն ու  հողը ենթարկվել են քիմիական քայքայման, գրում է KM.RU-ն:

Նախկինում համարվում էր, որ Երկրի մթնոլորտում 2,4 մլրդ տարի առաջ թթվածնի առաջացումը կապված էր կապտականաչ ջրիմուռների առաջացման հետ: Տվյալ իրադարձությունը «թթվածնային աղետ» անվանումն էր ստացել, քանի որ մթնոլորտի բաղադրության փոփոխությունը հանգեցրել էր կյանքի անաէրեբ տեսակների զանգվածային ոչնչացման: Դանիացի գիտնականները եւս այս տեսության կողմնակիցն են, սակայն առաջարկում են վերանայել կապտականաչ ջրիմուռների առաջացման ժամանակի հարցը: Նրանց հաշվարկներով՝ դրանք ծագել են 3,3-3,4 մլրդ տարի առաջ: