Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի ավագ անդամը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած տարածքային վեճը լուծելու հարցում Թեհրանի օգնելու պատրաստակամության մասին։ Այդ մասին գրում է Իրանի լրատվական Fars գործակալությունը:

Խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ջավադ Ջահանգիրզադեն, որն իր գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ այցով գտնվում  է Բաքվում, ընդգծել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը` տարածաշրջանի ներուժի օգնությամբ:  Նա հայտնել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում օգնելու  Իրանի պատրաստակամությունը` տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու նպատակով, հավելելով, որ  Մինսկի խմբի ձեւավորումից ի վեր, Իրանը հայտնել է, որ այդ խումբը հարմար կառույց չունի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ծագած ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար: