«Ծածկած շուկա» հուշարձանը ենթարկվել է փոփոխության, ինչն օրենքով արգելվում է. դա պատժելի է Քրեական օրենսգրքով: Այս մասին SEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակադեմիկոս, ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը՝ ընդգծելով, որ շուկան կառուցապատող, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «օրը ցերեկով» երկու օրենք է խախտել՝ «հուշարձանների պահպանության եւ ապօրինի շինարարության»:
«Օրենքով հետապնդվում է այն, որ մարդը կառուցում է որեւէ բան առանց քաղապետարանի շինթույլտվության: Քաղաքապետարանը մինչեւ օրս չի տվել թույտվություն՝ շենքը կառուցելու համար: Մշակույթի նախարարությունը նույնպես թույտվություն չի տվել: Այսինքն, մարդը կառուցում է ապօրինի շինություն»,- ասաց Հրաչյա Պողոսյանը:
Ճարտարապետի կարծիքով, թեեւ կուռույցը ներսից ու դրսից փոխվել է, չի կարելի շենքի «ճակատագիրը» վճռված համարել. «Յուրաքանչյուր կառուցվող շինություն պետք է վերջում ունենա հանձնման, շահագործման ակտ: Այդ ակտը ստորագրում է քաղաքապետը: Ու քանի որ «Ծածկած շուկան» հանրապետության հուշարձանների ցանկում է, այն պետք է ստորագրի նաեւ Մշակույթի նախարարությունը: Եթե նրանք ստորագրեն, ուրեմն կգնան օրենքի խախտման, որովհետեւ օրենքն ասում է, որ հուշարձանը քանդել չի կարելի: Իսկ եթե չստորագրեն, շուկայի տերը չի կարող այն շահագործել»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











