Սեպտեմբերի 26-ին, 19:30-ի սահմաններում, Ավետ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բակում հարձակման են ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ Սահակ Պողոսյանը եւ Սուրեն Գեւորգյանը:
«Իջել էինք բակ նարդի խաղալու՝ մեզ մոտեցավ մի մարդ՝ Հրաչ անունով, նրան ճանաչում եմ: Սկզբում հայհոյում էր, ասում էր, ով եք եղել դուք, իմ պետության դեմ եք դուրս եկել, ժողովրդիս կոտորում եք, ես ձեր էսը, էնը»,- NEWS.am-ի թղթակցին պատմեց 64-ամյա Սահակ Պողոսյանը:
Հայհոյելիս Հրաչը օղու շիշը շպրտել է 67-ամյա Սուրեն Գեւորգյանի վրա: Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել, բայց հարեւանները միջամտել են: Սահակի խոսքով՝ Հրաչը հարբած էր. «Ինքը էդքան մակարդակ չունի, որ էս թեմաները իրան հետաքրքրեն»,-ասաց Սահակը՝ համոզմունք հայտնելով, որ Հրաչին ուղղորդել են:
Բակի ծեծկռտուքից հետո, արդեն շենքի շքամուտքում, Հրաչը կրկին հարձակվել է Սահակ Պողոսյանի եւ Սուրեն Գեւորգյանի վրա: Հրաչի հասցրած հարվածներից Սուրենը ուշաթափվել է, քթից սկսել է արյուն հոսել:
Տուժողները կատարվածի մասին հաղրոդել են ոստիկանությանը, որը արագ է արձագանքել. քաղաքացիական հագուստով երեք ոստիկան եկել են ու բաժին տարել Սուրենին ու Հրաչին:
Սահակի պատմելով՝ իրենք ակտիվ մասնակցում են Նախախորհրդարանի ակցիաներին եւ վաղուց էին զգացել, որ իրենց հետեւում են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Սահակ Պողոսյանին Կոմիտաս 5 հասցում շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բերման էին ենթարկել:
Տեսանյութում Սահակ Պողոսյանը պատմում է դեպքի մանրամասները:











