Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել «վեցյակի» արտգործնախարարների հանդիպումը (Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Չինաստան) Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ:
Բանակցությունների ավարտին կողմերը նշանակել են հաջորդ հանդիպման ամսաթիվը` Ժնեւում, հոկտեմբերի 15-16-ին:
«Վեցյակի» նիստից հետո Զարիֆը առանձին բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, որն առաջին հանդիպումն էր վերջին վեց տարիների ընթացքում, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Ելույթ ունենալով ամփոփիչ մամուլի ասուլիսում` Զարիֆը հույս է հայտնել, որ առաջիկայում Իրանի ներկայացրած փաստերը համաշխարհային հանրությանը կհամոզեն, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի:
Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հանդիպումը հանգամանալից է անվանել եւ նշել, որ այն լավ մթնոլորտում է անցել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Զարիֆը պնդել է, որ «վեցյակի» հետ բանակցությունների հիմնական արդյունքը պետք է լինի պատժամիջոցների վերացումը, որոնք ներկայումս գործում են Իրանի նկատմամբ: «Մենք կարծում ենք, որ պատժամիջոցներն անարդյունավետ են եւ չեն հաապատասխանում միջազգային իրավունքին – ընդգծել է նա: - Վերջին հաշվով, բոլոր պատժամիջոցները, այդ թվում նաեւ ՄԱԿ-ի վճռով գործողները, պետք է հանվեն»: Ըստ նախարարի` «հույս է ծագել, որ վերջնական արդյունքի կհասնեն տարվա վերջում»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նշել է, որ «Վեցյակի» եւ Իրանի արտգործնախարարների հանդիպումը կառուցողական էր, սակայն դեռ չի պատասխանել այն բոլոր հարցերին, որն ունի միջազգային հանրությունը` Թեհրանի միջուկային ծրագրի բնույթի վերաբերյալ:





























