«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը սեպտեմբերի 27-ին կրկին պիկետ իրականացրեց Մատենադարանի մոտ, որտեղ ընթանում էր «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը: Քաղաքացիական ակտիվիստները նամակ էին գրել, որում գիտաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին կոչ էին անում «Ծածկած շուկայի» հարցը դնել քննարկման եւ հանդես գալ հայտարարությամբ, որում նշված կլինի գիտաժողովի եզրակացությունը տվյալ խնդրի վերաբերյալ, ինչպես նաեւ գործադրել ճնշումներ պատկան կառույցների նկատմամբ, որպեսզի նրանք վերադարձնեն հուշարձանը հանրությանը իր նախկին տեսքով: Ակտիվիստները փորձում էին մտնել ներս՝ նամակ հանձնելու համար, սակայն անվտանգության աշխատակիցները նրանց թույլ չէին տալիս ներս մտնել: Դուռը պինդ փակել էին նույնիսկ Մատենադարանի աշխատակիցների համար: Աշխատողներից մեկը՝ երիտասարդ աղջիկ, չդիմացավ ու ներս մտավ պատուհանից: Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանն առաջարկեց, որ աշխատողներից մեկը նամակը ներս մտցնի, սակայն նրանք հրաժարվեցին օգնել:
Ակտիվիստները փորձեցին զրուցել Մատենադարան այցելող զբոսաշրջիկների եւ գիտաժողովին մասնակցող արտասահմանցիների հետ, նույնիսկ հասցրեցին մի նամակ տալ Լեհաստանից ժամանած պատվիրակությանը, ովքեր պարզապես վերցրին նամակն ու անտարբեր առաջ անցան:
15-20 րոպե անց Մատենադարանից դուրս եկավ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը, վերցրեց նամակը՝ խոստանալով ծանոթանալ բովանդակությանը եւ միայն դրանից հետո ներկայացնել գիտաժողովի մասնակիցներին: Նա նույնիսկ առաջարկեց երկուշաբթի հանդիպել ակտիվիստների հետ եւ քննարկել հարցի իրավական լուծման հնարավորությունները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











