Curiosuty մարսագնացի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Կարմիր մոլորակի վրա ջուր կա: Մոլորակից վերցված կտորի քիմիական անալիզը կատարվել է հենց Մարսի վրա՝ Curiosuty-ում առկա սարքավորումների օգնությամբ:
Քիմիական անալիզի արդյունքները, որոնք մշակել են 34 գիտնականներ, հրապարակվել են Science ամսագրում:
Հենց առաջին կտորի անալիզում 2 տոկոս ջուր է հայտնաբերվել: Մարսագնացի հատուկ շերեփը մոլորակի մակերեւույթից փոշի ու մանր կտորներ է վերցրել, որը հետագայում լաբորատորիայում տաքացրել են մինչեւ +835 աստիճան: Հետազոտության արդյունքում նմուշի մեջ հայտնաբերվել է թթվածին, ածխաթթու գազ եւ ծծումբ:
Բացի այդ, Curiosuty-ին հայտնաբերել է քլորի եւ թթվածնի յուրահատուկ խառնուրդ, որը գիտնականները համարում են որպես քլորատ կամ պերքլորատ:
Գիտնականները պնդում են, որ դեռեւս հնարավորություն կա ապացուցելու, որ Մարսի վրա կյանք կա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NASA-ն հայտնել էր, որ մարսագնացը մոլորակի մթնոլորտում մեթան չի գտել, որը կենդանի օրգանիզմների առկայության ինդիկատորներից մեկն է:





























