ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ)  բարեփոխման մասին աղմկահարույց օրենքը եւ գիտական կազմակերպությունների գործակալության ստեղծման հրամանագիրը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը դաշնային օրենք է ստորագրել «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի, գիտությունների պետական ակադեմիաների վերակազմավորման եւ Ռուսաստանի Դաշնության օրենսդրական առանձին ակտերում փոփոխությունների մասին», որը Պետդուման ընդունել էր 2013թ. սեպտեմբերի 18-ին, Դաշնության խորհուրդն էլ հավանություն էր տվել սեպտեմբերի 2013թ.  25-ին», գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Համաձայն նոր օրենքի՝ ՌԳԱ-ն անկախ գործունեություն կարող է ծավալել ՌԴ օրենսդրությամբ սահմանված գործառույթների շրջանակում:

ՌԳԱ-ն նաեւ դաշնային պետական բյուջետային հաստատություն է, իսկ դրա գույքի տնօրինող մարմինն ու սեփականատերը Ռուսաստանի կառավարությունն է:

ՌԳԱ-ն զանգվածային բարեփոխման ենթարկելու մասին հուլիսի վերջին հայտարարել էր կրթության եւ գիտության նախարարությունը:

Օրինագծի նախնական տարբերակը ենթադրում էր ՌԳԱ-ի, ինչպես նաեւ ՌԴ բժշկական եւ գյուղատնտեսական ակադեմիաների վերացում: Ներկայիս լրամշակված տարբերակը նախատեսում է երեք ակադեմիաների միավորում:

Օրենքի համաձայն՝ ԳՀԻ-ի կառավարումը փոխանցվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիային:

Պետական իշխանություններին արգելվում է միջամտել գիտական գործունեությանը, իսկ ՌԳԱ ներկա ղեկավարը  բարեփոխումից հետո պաշտոնը կպահպանի եւս երեք տարի: