New York Times-ի թղթակիցն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վրա ձվեր եւ կոշիկ են նետել Թեհրանի օդանավակայանում: Նրա խոսքով՝ անվտանգության ծառայությունները փակել են նրան հովանոցով, երբ նա գնացել է դեպի իր մեքենան:
AFP-ն, իր հերթին հաղորդել է, որ օդանավակայանում Իրանի նախագահին դիմավորել են 200-300 կողմնակիցներ, որոնք վանկարկել են. «Ռոհանի, մենք շնորհակալ ենք քեզ»: Իր հերթին, մոտ 60 իսլամիստներ, որոնք դժգոհ են եղել Ռոհանիի՝ ԱՄՆ նախագահ Օբամայի հետ ունեցած հեռախոսազրույցից, հակաամերիկյան եւ հակաիսրայելյան կարգախոսներ են հնչեցրել: Նրանցից մեկը կոշիկ է նետել նախագահի մեքենայի ուղղությամբ, բայց չի դիպել Ռոհանիին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահները վերջին 34 տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել:





























