Սեպտեմբերի 27-ին Նարեկացի արվեստի միությունում վարպետության դաս անցկացրեց վրացի երաժիշտ  Իրակլի Կոյավան: Պերկուսիոնիստը ունի ինքնաշեն գործիքների հավաքածու, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է նրան: Իրակլիի երաժշտական գործիքների հավաքածուն բազմազան է` ռետինե խողովակ, որսորդական փամփուշտի պարկուճներ, վրացական ընկույզ:

Իրակլի Կոյավան Հայաստանում է World music duet նախագծի շրջանակում: Թառահար Միքայել Ոսկանյանն ու Իրակլի Կոյավան հանդիպել են 2013թ. Կովկասի ջազ փառատոնում եւ որոշել են հանդես գալ ընդհանուր նախագծով: Նախագիծը մեկնարկել է սեպտեմբերի 20-ին Վրաստանում: Թբիլիսիում երեք օր համերգներով հանդես գալուց հետո երաժիշտները եկել են Հայաստան:

Սեպտեմբերի 28-ին տեղի կունենա նրանց եզրափակիչ համերգը Երևանում, Միքայելն ու Իրակլին կներկայացնեն հեղինակային ստեղծագործություններ և ազատ իմպրովիզացիաներ World music և ջազ ոճերում:

Երաժիշտների խոսքով` նախագիծը նպատակ ունի նպաստել Անդրկովկասում երաժիշտների համագործակցությանը, ոչ պաշտոնական շփումներին, երաժշտական փորձի փոխանակմանը: