Իրանի նոր կառավարությունը լուրջ է վերաբերում էլեկտրաէներգիայի արտահանման ավելացմանը եւ հայրենական ցանցի միավորումը հարեւան բոլոր երկրների, այդ թվում նաեւ Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը:
«Իրանը բոլոր հարեւան երկրների հետ էներգափոխանակման նախագծեր ունի, մասնավորապես, Իրաքի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի, Աֆղանստանի ու Պակիստանի հետ»,- նշել է նախարարը:
Նա հավելել է, որ իրանական էլեկտրաէներգիան տարածաշրջանում մեծ պահանջարկ ունի, եւ որ պահանջարկը գերազանցում է առաջարկի ծավալները: «Ռուսաստանի ու Իրանի էներգահամակարգերը կարող են միավորվել կամ Ադրբեջանի, կամ Թուրքմենստանի միջոցով, ինչը մի շարք հարցեր է առաջացնում, ինչպես օրինակ Իրանից այդ երկրներ էներգիայի ներկրման ավելացում, եւ նմանատիպ բոլոր հարցերը կլուծվեն հետագա բանակցությունների ընթացքում»,- ասել է Համիդ Չիթչյանը:




























