Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի 7 երեխաների կնունքի ժամանակ եկեղեցու դռները փակ չեն եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյան:

«Իսկ ո՞վ է ասում, որ եկեղեցու դռները փակ են եղել: Եկեղեցու գլխավոր դուռը փակ է եղել, որովհետեւ դիմացը խճողված է եղել, զարդարողները իրենց գույքն են դրել. դրա համար բացվել է եկեղեցու հարավային դուռը»,- ասաց նա:

Տեր Եսայի քահանան շեշտեց, որ առավոտից երեկո եկեղեցու աղոթասրահը, որտեղ ընթանում էր մկրտությունը, բաց է եղել, պարզապես մուտքը եղել է հարավային դռնից, «եկեղեցու գլխավոր սրահը ունի երկու մուտք, մեկը փակ է եղել, մեկը բաց է եղել ամբողջ մկրտության ժամանակ, այդ դուռը ես եմ բաց արել»:

Հարցին, թե եթե եկեղեցու դռները բաց էին, ինչու NEWS.am-ի լրագրողին թույլ չէին տալիս մտնել եւ մի կերպ մտնելուց հետո ինչու նրան դուրս հանեցին, հոգեւորականը պատասխանեց. «Ձեր լրագրողը եկել էր այնտեղ իբր թե աղոթելու, բայց ինքը եկել էր հատուկ այդ արարողության մասին ինչ-որ ինֆորմացիա վերցնելու: Ձեր լրագրողին դուրս է հրավիրվել կամ թույլ չի տրվել մտնել գլխավոր մուտքից, եւ իրեն չի ասվել, որ հարավային կողմի դուռը բաց է, ոնց որ մյուս մարդկանց ասվել է եւ ուրիշ մարդիկ մտել են եկեղեցի: Պարզապես այստեղ մարդկային որոշակի տարաձայնություն է եղել լրագրողի եւ մյուս մարդկանց միջեւ, որոնք ուղղակի իրար չեն կարողացել հասկանալ», -ասաց նա:

Հոգեւորականը նշեց, որ ընդհանրապես չի ցանկանում արձագանքել, քանի որ սա արդեն բամբասանքի է վերածվում, «եթե դուք ինձ պետք է համոզեք, որ եկեղեցու դուռը փակ է եղել, ես ավելին չունեմ ասելու»:

«Այն, որ Սամվել Ալեքսանյանի թիկնապահները կանգնել են եկեղեցու մուտքի մոտ եւ թույլ չեն տվել մարդկանց մտնել, ես այդ երեւույթը միանշանակ դատապարտում եմ: Այդ մարդիկ եկել էին զարդարված ծաղիկներից պոկելու եւ տանելու, այդ մարդկանց եկեղեցի մտնելու նպատակը դա է եղել, դա ուղղակի ստորացուցիչ էր: Վաղը մյուս օր հայտարարվում է, որ մարդիկ եկել են եկեղեցի իբր թե աղոթելու, փոխարենը իրականությունը բացահայտելու եւ այդ մարդիկ եկել են ծաղիկ պոկելու կամ ծաղիկների կողքը նկարվելու: Եկեք ընդունենք, որ այս ամբողջը Ալեքսանյանի դեմ է, լրագրողները որոշակի տրամադրվածություն ունեն Ալեքսանյանի դեմ, եթե սա լիներ մեկ ուրիշի մկրտություն, ոչ ոք չէր գրի սրա մասին»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Իսկ դիտարկմանը, որ NEWS.am-ի լրագրողն անձամբ է տեսել եւ նկարահանել, որ մարդկանց թույլ չեն տվել մտնել եկեղեցու գլխավոր սրահ, որ այդ ողջ ընթացքում սրահում ոչ մի կողմնակի մարդ չի եղել, հոգեւորականն արձագանքեց. «Դա արդեն բացահայտ սուտ է եւ բամբասանք է, նման բան չկա, մի սուտ խոսեք, լրագրողը գոնե պետք է այդ օբյեկտիվությունը պահի»:

Սամվել Ալեքսանյանը NEWS.am-ի լրագրողի թևից քաշելով դուրս հանեց եկեղեցուց. կադրեր կնունքից (ֆոտո)

Նա շեշտեց, որ եկեղեցին չի փակվում միջոցառումների համար՝ զարդարանքի կամ մկրտության առիթով, այն փակվում է ըստ անհրաժեշտության, օրինակ՝ երբ եկեղեցում շինարարություն է, վերանորոգման աշխատանքներ են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում Սամվել Ալեքսանյանի 7 երեխաների կնունքն էր ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի քավորությամբ: Կնունքի կապակցությամբ եկեղեցու դռները փակ էին մինչեւ ժամը 17.00-ն՝ կնունքի ավարտը: Եկեղեցու գլխավոր սրահի մոտ կանգնած սպասավորը ասում էր, որ միջոցառում է, նախապատրաստական աշխատանքներ են, մարդիկ կարող են փչացնել այդ ամենը, հետեւաբար՝ սրահը փակ է, փոխարենը նրանց ուղղորդում էր կողքի փոքր սրահները՝ մոմ վառելու: Եւ եթե իսկապես եկեղեցու հարավային դուռը բաց էր, ապա տարօրինակ է, թե ինչու սպասավորները չէին տեղեկացնում այդ մասին եւ մարդկանց աղոթասրահ չէին ուղղորդում: Եթե նույնիսկ հավատանք, որ մեզնից թաքցրել են աղոթասրահի «թաքուն» մուտքի մասին, բայց ասել են սովորական հավատացյալներին, ապա, միեւնույն է, տարակուսելի է, քանի որ մինչեւ կնունքի մեկնարկը աղոթասարահում մարդ չի եղել՝ բացի զարդարողներից, երգչախմբից, իսկ կնունքի ժամանակ էլ թույլ չեն տվել մյուսներին մտնել եկեղեցի: Պետք է շեշտել, որ հունվարի 5-ին, երբ երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, նույնիսկ այդ ժամանակ եկեղեցու դռները չեն փակվում: