Արցախի Սարսանգ ջրամբարը մասնակցել է «Ստորջրյա իրազեկման համաշխարհային ասոցիացիա» GUWAA միջազգային կազմակերպության կողմից սեպտեմբերի 29-ին անցկացված ծովերի, լճերի, գետերի մաքրման միջազգային միջոցառմանը՝ նվիրված լեգենդար ջրասույզ Ժակ Իվ Կուստոյի հիշատակին:
Այս նախաձեռնությանն աջակցել են Մոնակոյի Իշխան Ալբերտ ll-ի Հիմնադրամը, «Formula 1» կորպորացիայի նախագահ Բեռնի Էքլեստոնը, GUWAA կազմակերպության հովանավոր Բիանկա Ջագգերը եւ Ժակ Իվ Կուստոյի ընկեր Ֆրանսուա Սարանոն: Կազմակերպիչները փորձ են անելու գրանցվել «Գինեսի ռեկորդների գրքում» որպես ստորջրյա ավազանի մաքրման պատմության մեջ ամենազանգվածային միջոցառում:
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 29-ին երկրորդ անգամ նշվել է ստորջրյա հատակի պաշտպանության եւ մաքրման համաշխարհային օրը, որը հիմնել է Ստորջրյա իրազեկման համաշխարհային ասոցիացիան: Միջոցառումն ուղղված է իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ծովերի, լճերի եւ գետերի պաշտպանությանը եւ մաքրմանը:
2013թ. սեպտեմբերի 29-ին փորձ է արվել գրանցվել «Գինեսի ռեկորդների գրքում» ստորջրյա ավազանի մաքրմանը մարդկանց մասնակցության ամենամեծ քանակով:
«Գինեսի ռեկորդների գրքում» գրանցվելու համար անհրաժեշտ է հետեւել հետեւյալ դրույթներին՝
1. Բոլոր ջրասույզները կրելով իրենց վրա շնչառական սարքեր, պետք է ստորջրյա տարածքում արհեստական թափոններ փնտրեն ՝ այն բնական միջավայրից հեռացնելու նպատակով:
2. Անվտանգության նպատակով եւ ռեկորդի փորձին հետեւելու համար բոլոր մասնակիցները պետք է ապահովված լինեն փրկարար նավակներով:
3. Ընտրված վայրերում ջուրը պետք է լինի այնքան խորը, որպեսզի բոլոր մասնակիցները կարողանան ամբողջությամբ ջրասուզվել:
4. Բոլոր մասնակիցները պետք է ունենան ջրասույզի սերտիֆիկատներ: Միջոցառումից առաջ, ջրասույզները իրենց հավաստագրերը պետք է տրամադրեն անկախ դիտորդներին:
5. Մասնակիցների ընդհանուր ցուցակում ընդգրկվելու համար, բոլոր ջրասույզները պետք է ջրից դուրս բերեն առնվազն մեկական արհեստական թափոն: Նրանք, ովքեր դուրս չեն բերի որեւե թափոն, չեն կարող ընդգրկվել ընդհանուր ցուցակում:
6. Ամբողջ միջոցառումը, ներառյալ հանգստի համար սահմանված ժամանակը, պետք է տեղի ունենա նույն 24 ժամվա ընթացքում, անկախ ժամային գոտիներից՝ եթե միջոցառումը սկսվում է ուրբաթ կեսօրին, ապա այն պետք է ավարտվի շաբաթ կեսօրին:
7. Երկու փորձառու հաշվառուները պետք է նշեն փորձի ժամը վայրկենաչափի օգնությամբ մինչեւ 0.01 վայրկյան ճշգրտությամբ:
Նույն ձեւաչափը պետք է կիրառվի յուրաքանչյուր վայրում:



















