«ԴիջիԹեք Էքսպո 2013» տեխնոլոգիական ցուցահանդեսը հագեցած է լինելու սեմինարներով ու գործարար ներկայացումներով: Այդ մասին տեղեկացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Ցուցահանդեսային 3 օրերին, «ԴիջիԼայֆ» սեմինարների շարքի շրջանակներում,  այցելուները կարող են ներկա գտնվել շուրջ 30 գործարար ներկայացումների, սեմինարների, ինչպիսիք են` «Կիբեռանվտանգության արդի խնդիրները ձեռնարկություններում», «Ապագայի խելամիտ կոմերցիաները. IBM տեսլական», «Դիմավորեք նոր Office365», «Արդի տվյալների կենտրոններ», «Էլեկտրոնային առեւտուր` տեխնոլոգիական յուրահատուկ լուծումներով», «Ի՞նչ է ծրագրային արտադրանքի մշակման Agile մեթոդաբանությունը, նրա ծագումը, պատմությունը եւ ի՞նչու կիրառել այն» եւ այլն: 

«Կիբեռանվտանգության արդի խնդիրները ձեռնարկություններում» սեմինարով հանդես կգա «Յունիքոմփ» ընկերությունը: Կներկայացվեն կիբեռանվտանգության ոլորտի արդի սպառնալիքները եւ նրանց յուրահատկությունները: Քննարկվելու են նրանց դեմ պայքարի հնարավոր միջոցները, մասնավոր լուծումները, որոնք առաջարկվում են տարբեր արտադրողների կողմից:

«Մակադամիան» ընկերությունը կներկայացնի «Agile Tour»-ը միջոցառումը, որի նպատակն է բացահայտել նոր առաջնորդներ եւ խոսնակներ, տարածել ծրագրային արտադրանքի մշակման Agile մեթոդաբանության ոլորտում ունեցած փորձը: Agile Tour-ի հիմնական առաքելությունն է աշխարհի բոլոր տարածաշրջաններում խրախուսել "Agile" մեթոդները, օգնել գործընկերներին եւ տեղական ընկերություններին յուրացնել վերջինիս կիրառումը: Այս տարի «Մակադամիան ԱՌ» ընկերության նախաձեռնությամբ և «բի2», «ԷթԹասք» ընկերությունների մասնակցությամբ, առաջին անգամ Հայաստանում, կկազմակերպվի «Agile Tour Երևան» միջոցառումը:

«ԴիջիԹեք էքսպո 2013»-ը կկայանա հոկտեմբերի 4-6, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, պլատինե հովանավորն է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, պաշտոնական հովանավորն է` «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.»-ը, իսկ հովանավորը` «Սատիս» ընկերությունը: «ԴիջիԹեքն» ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: