Եգիպտոսը իրանցի զբոսաշրջիկների համար արգելափակել է մուտքը երկիր: Իշխանությունները նման քայլի են գնացել «անվտանգության նկատառումներից ելնելով», հաղորդել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամ Զաազուն:

«Ստեղծված իրավիճակը մեզ թույլ չի տալիս ընդունել իրանցի զբոսաշրջիկներին: Հարցը սառեցված է այնքան ժամանակ, մինչդեռ կառավարությունից նոր հրահանգներ չենք ստացել»,- ասել է նա: Նախարարը չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի ասելով «ազգային անվտանգության նկատառումներ», հաղորդում է ՌԲԿ-ն:

Այս տարվա սկզբին նախկին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին թույլ էր տվել իրանցի զբոսաշրջիկների մուտքը: Դա 30 տարվա ընթացքում առաջին դեպքն էր:

Երկու երկրների միջեւ 1979թ.-ին հարաբերությունները չեղյալ համարվեցին այն բանից հետո, երբ Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ խաղաղ համաձայնագիր կնքվեց: Եգիպտոսը դարձավ միակ արաբական երկիրը, որն Իրանում դեսպանատուն չունի: