Թվիթերյան NASA Asteroid Watch էջը, որը նախազգուշացնում էր Երկրագնդին մոտեցող ասուպների մասին, ժամանակավորապես դադարեցրել է թարմացումները: Այդ մասին հաղորդագրություն միկրոբլոգում հայտնվեց հոկտեմբերի 1-ին:
Հրապարակումները դադարեցվել են ԱՄՆ-ի պետական հաստատությունների աշխատանքի դադարեցումից հետո, որը տեղի է ունեցել 2013թ.-ի հոկտեմբերի 1-ի գիշերը: Ինչպես ավելի ուշ պարզաբանել են միկրոբլոգը վարող պատասխանատու անձիք, տիեզերքից եկող ասուպներից սպասվող վտանգների մասին նախկինի պես կարելի է տեղեկանալ աստղադիտարանների կայքերից:
Դաշնային կառույցների աշխատանքը դադարեցվել է այն պատճառով, որ օրենսդիրներին չի հաջողվել ժամանակին համաձայնության գալ նոր ֆինանսական տարում իրենց ֆինանսավորման օրինագծի վերաբերյալ, ինչն էլ հանգեցրել է NASA-ի բոլոր ստորաբաժանումների փակմանը, բացառությամբ թռիչքները վերահսկող կենտրոնի:
Asteroid Watch էջը հիմնվել էր NASA-ի կողմից Ռեակտիվ շարժման լաբորատորիայի աջակցությամբ(Jet Propulsion Laboratory, JPL) 2009թ.-ին: Երեք տարվա ընթացքում Twitter-ի ավելի քան 1 մլն օգտատեր հետեւում էր էջի թարմացումներին:





























