Իրանի նախագահի Twitter-ի միկրոբլոգից նամակ է ուղարկվել Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսիին:
Օգտատեր @HassanRouhani-ն Դորսիի էջի հետեւորդ էր դարձել սեպտեմբերի 28-ին, երբ Դորսին ինքը գրել էր, որ ուրախ է Իրանի նախագահին Twitter-ում տեսնելու համար: @HassanRouhani-ի էջը հեղինակի անվան կողքը հավաստագրման նշան չունի, այդ պատճառով անհայտ է՝ արդյոք այն իրոք պատկանում է Իրանի նախագահին, նշում է «ՌԻԱ Նովոստին»:
Դորսիին ուղղված նամակում Իրանի նախագահի անվամբ հանդես եկող օգտատերը գրել է. «Բարի երեկո, @Jack: Ինչպես արդեն ասել եմ @camanpour-ին (CNN-ի հաղորդավար Քրիսթիան Ամանպուր), ջանքեր եմ գործադրում այն ուղղությամբ, որպեսզի մարդիկ հեշտությամբ կարողանան տեղեկատվություն ստանալ, ինչը նրանց իրավունքն է»:
Ավելի վաղ Իրանի նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ պետության ղեկավարը գրանցված չէ սոցցանցերում եւ միկրոբլոգներում:
Նախագահի լրատվամիջոցների հարցերով խորհրդական Մուհամեդրեզա Սադեքան հայտնել էր, որ «Հասան Ռուհանիի համակիրներն ու կողմնակիցները, որոնք կապ ունեն ինտերնետ-միջավայրի հետ, մի քանի էջեր են բացել ու գործում են նրա անունից»:





























