Քալիֆորնիա նահանգի կառավարության հոկտեմբերի 1-ին ընդունած օրենքին համապատասխան, արգելվում է համացանցում ինտիմ լուսանկարներ եւ տեսագրություններ տեղադրելը՝ քանի դեռ դրանց հերոսներից համաձայնություն չի ստացվել:

Օրենքի համաձայն, համացանցում լուսանկարներ եւ տեսանյութեր հրապարակելը, որոնցում կարելի է ճանաչել մերկ մարդուն, ոչ ծանր իրավախախտում է:

Դրա համար առավելագույն պատիժը վեց ամսվա ազատազրկումն է եւ հազար դոլարի տուգանքը:  Օրենքն անմիջապես ուժի մեջ է մտել, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով  Associated Press-ը:

Օրենքի հեղինակը սենատոր Էնթոնի Քանելլան է, որը հայտարարել է, թե օրենքն առաջին հերթին կոչված է մարդկանց պաշտպանել նախկին սիրեցյալների վրեժխնդրությունից, որոնք բաժանումից հետո համացանցում տեղադրում են սեռական հարաբերությունների  ժամանակ արված տեսագրություններն ու լուսանկարները:

Ամենաաղմկահարույց պատմությունը Փերիս Հիլթոնի անվան հետ է կապվում, որն իր նախկին ընկերոջը դատի էր տվել ինտիմ տեսագրություն հրապարակելու համար: Գործը կարգավորվել էր մինչդատական կարգով: Ըստ լրատվամիջոցների՝ Սողոմոնը Հիլթոնին 400 հազար դոլար էր վճարել: