Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազատություն ցանցում-2013» նոր զեկույցում Հայաստանը նշվում է որպես ազատ ինտերնետ ունեցող երկիր: Զեկույցում ընդգծվում է, որ ինտերնետի հասանելիությունը երկրում զգալիորեն լավացել է վերջին մի քանի տարիների ընթացքում:
Ինտերնետի հասանելիության հետ կապված խնդիրները գնահատվում են 25-ից 8 բալով, կոնտենտի սահմանափակությունը՝ 35-ից 9, իսկ օգտագործողների իրավունքների խախտումները՝40-ից 12: Սակայն ըստ զեկույցի, քիչ ջանքեր են գործադրվել բնակչության շրջանում ինտերնետ-գրագիտության եւ հասանելիությունը բարելավելու ուղղությամբ, ինչի արդյունքում հեռուստատեսությունը մինչ օրս նորություններն իմանալու եւ տեղեկություններ ստանալու գերակայող աղբյուրն է:
Զեկույցում նշվում է նաեւ, որ մի քանի ընդդիմադիր աղբյուրներ արգելափակվել են 2008-ի մարտյան դեպքերի ընթացքում, սակայն այդ ժամանակվանից ի վեր կառավարությունը մինիմալ մակարդակում է արգելափակում օնլայն կոնտենտը:
Հարեւան Վրաստանը եւս ազատ ինտերնետ ունեցող երկիր է համարվում, ի տարբերություն Թուրքիայի եւ Ադրբեջանի, որոնք այդ ոլորտում «մասնակի ազատ» երկրների շարքում են: Այդ շարքում է նաեւ Ռուսաստանը: Ընդհանուր առմամբ, միայն 17 երկրներ ունեն ազատ ինտերնետ: Այդ տեսանկյունից ամենաազատ երկիրն Իսլանդիան է, որն ունի 6 միավոր: Վարկանիշի վերին հորիզոնականներում են նաեւ Էստոնիան՝ 9 միավոր, Գերմանիան՝ 17 միավոր եւ ԱՄՆ-ն՝ 17 միավոր:





























