«Արմթեք 2013» բարձր տեխնոլոգիաների միջազգային ամենամյա 6-րդ համաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների շրջանում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Սպասվում է  մոտ 200 մասնակից: Դրանց թվում՝ Rostelecom, IBM, Cisco, D-Link, Mentor Graphics, National Instruments, UNIDO, Intel, Oracle եւ այլն:

Նախարարի խոսքով՝ համաժողովի ընթացքում սպասվում է նոր գործարար կապերի հաստատում, երկու հուշագրերի ստորագրություն (դրանցից մեկը՝ Գյումրու տեխնոպարկի զարգացման նպատակով):

Վ. Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում 2012 թ. գրանցվել է ՏՏ ոլորտի 20% աճ, այս տարի աճը 22% է:

«Արմթեքը» տեղի կունենա հոկտեմբերի 4-ին՝  Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, «ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսին զուգահեռ; «Արմթեքն» ավանդաբար տեղի է ունենում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: