Հայաստանը միկրոսխեմաների մշակման եւ դիզայնի ոլորտում համաշխարհային արտադրության 5%-ն է ապահովում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով Երեւանում մեկնարկած «Արմթեք» միջազգային համաժողովում: Նա, մասնավորապես, վկայակոչեց Mentor Graphics ընկերության նախագահ Վալդեն Ռայնսին (Walden Rhines), ով Երեւանում ներկա էր ընկերության ներկայացուցչության բացմանը:
Ըստ Տ. Սարգսյանի՝ սա համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաներում Հայաստանի հարաբերական առավելություններից է: Մասնավորապես՝ աշխարհի բոլոր հայտնի ընկերությունները, որ դիզայնի բնագավառում մասնագիտացված են, իրենց մասնագետներին ուղարկում են Հայաստան՝ վերապատրաստման: «Պետք է բացահայտենք հարակից ոլորտները, որ առաջիկա 5 տարում պետք է ապահովեն զարգացման առաջանցիկ տեմպեր»,- ասաց Տ. Սարգսյանը:
Վարչապետի ներկայացմամբ՝ Հայաստանի ՏՏ ոլորտում 300 ձեռնարկությւոններում աշխատում են մոտ 7000 մասնագետներ, սակայն առկա է կադրերի նկատմամբ մեծ պահանջարկ: Այդ պատճառով կառավարության նպատակն է՝ միջինժամկետ հեռտանկարում ապահովել տարեկան առնվազն 2000 կադրի պատրաստում:




























