Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հրահանգ է ստացել կրճատել իր գործառույթները որպես կառավարության աշխատակից՝ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Երեւանում մեկնարկած «Արմթեք» 13-րդ միջազգային համաժողովի ժամանակ ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ բյուջեի շուրջ, ինչի արդյունքում անորոշ ժամկետով դադարեցվել է ֆեդերալ հաստատությունների ֆինանսավորումը:
Դեսպանը հայտարարեց, որ ԱՄՆ կառավարությունը վճռական է՝ աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտին, եւ որ հետաքրքիր է տեսնել ԱՄՆ ընկերությունների գործունեությունը Հայաստանում: «Տեսնելով Դիջիթեքը՝ լիահույս եմ այս ոլորտում Հայաստանի ապագայի համար: Շնորհակալ եմ, որ ամերիկյան ժողովուրդը մասնակից է այս գործընթացին»,- ասաց Ջ. Հեֆերնը:
Դեսպանի ելույթից հետո «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը, ում պատիվ էր վերապահված վարել «Արմթեքի» համաժողովը, նշեց, որ թեեւ ԱՄՆ կառավարության գործունեության դադարեցման պարագայում դեսպանի ելույթը ցույց է տալիս, որ նա շատ լուրջ է վերաբերում Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման հարցին:





























