Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 24-ին ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սնեժանա Ստոյկովիչի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում: Կառավարության ղեկավարը հանդիպումը որակել է կատարված աշխատանքներն ամփոփելու ու նոր ծրագրեր նախանշելու լավ հնարավորություն: Կողմերն անհրաժեշտ են համարել նոր նախաձեռնությունների իրականացումը` ուղղված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործարարության եւ տեսչական ոլորտներում բարեփոխումների իրականացման մանրամասներ: Վարչապետը կարեւորել է միջազգային առաջատար փորձի ներդրումը համապատասխան խորհրդատվության տրամադրման միջոցով:

Որպես փոխգործակցության առաջնային ուղղություն` Տիգրան Սարգսյանն առանձնացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնակցությունը բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ֆինանսավորման, ինչպես նաեւ կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման, մասնավորապես, անկախ տնօրենների ինստիտուտի կայացման գործում:

Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել Հայաստանում ձեւավորվող վենչուրային հիմնադրամներում Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավումը` ընդգծելով մասնակցության ձեւերի մշակման անհրաժեշտությունը: