Իրանի հոգեւոր առաջնորդ, Այաթոլա Ալի Համենեին հանդես է եկել միջուկային հարցի շուրջ դիվանագիտական լուծման եւ ԱՄՆ-ի հետ բանակցությունների օգտին: Կողմ լինելով նախագահ Ռոուհանիի դիվանագիտական նախաձեռնությանը՝ նա, այնուամենայնիվ, անտեղի է համարել նրա որոշ գործողություններ: Մինչ այդ նավթային ընկերություններն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում, արդեն սկսել են պատրաստվել պատժամիջոցների բանաձեւը չեղյալ հայտարարելուն:

Վաշինգթոնի քաղաքականությունը վստահություն չի ներշնչում, սակայն նրա հետ հարաբերությունների կարգավորման Իրանի դիվանագիտական ջանքերն անհրաժեշտ են, հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդը: «Մենք ամերիկացիների վերաբերմունքի դեմ վատատեսորեն ենք տրամադրված, մենք նրանց չենք վստահում: ԱՄՆ-ի կառավարությունը վստահելի չէ, այն չի կատարի խոստումները, իսկ նրա քաղաքականությունն անտրամաբանական է»,- Համենեիի խոսքերը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ նա նշել է, որ պաշտպանում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանիի հայտարարած նախաձեռնությունը: Սակայն, Համենեիի խոսքով, «որոշ պահեր անտեղի էին»:

Թե կոնկրետ ինչ նկատի ունի, Համենեին չի պարզաբանել: Մասնակցելով ՄԱԿ ԳԱ նստաշրջանի աշխատանքներին՝ Ռոուհանին մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք ուղղված էին Իրանի ու ԱՄՆ եւ Արեւմուտքի այլ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Տեղի է ունեցել հեռախոսազրույց Բարաք Օբամայի հետ, ինչը երկու երկրների նախագահների միջեւ 34 տարվա ընթացքում կապի հաստատման առաջին դեպքն էր:

Մեջլիսը (Իրանի խորհրդարան) աջակցել է նախագահի նոր քաղաքական կուրսը, որն ուղղված է արտաքին աշխարհի հետ մերձեցմանը: