Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 5-ին ԱԳՆ հուշամեդալով է պարգեւատրել Իրանում Հայաստանի առաջին դեսպան, ականավոր արեւելագետ եւ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։ 

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով եւ բարձր գնահատելով վաստակաշատ դիվանագետի,  գիտնականի եւ կեսդարյա փորձ ունեցող մանկավարժի գործունեությունը, նախարար Նալբանդյանը նշել է. «Ձեր տարիների կուտակած փորձառությունը եւ գիտելիքները Դուք այսօր էլ շարունակում եք ծառայեցնել Հայրենիքին՝ բարձրակարգ արեւելագետներ եւ միջազգայնագետներ պատրաստելով։ Դուք, որպես Թեհրանում ՀՀ առաջին դեսպան, կարեւոր ներդում եք ունեցել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում»։

Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի եւ պարգեւատրման համար՝ Վահան Բայբուրդյանը նշել է, որ այսուհետ եւս շարունակելու է իր ներդրումը բերել Հայաստանում գիտության զարգացմանը, Հայաստանի դիվանագիտական ծառայության համար նոր կադրերի պատրաստման գործում։