Mentor Graphics-ը Հայաստանում վաճառքներ չունի, այստեղ դրա կարիքը չկա, պարզապես Հայաստանի մասնագետներն են գրավիչ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Mentor Graphics-ի հայաստանյան կենտրոնի գործադիր տնօրեն Իրինա Դումանյանը:
Նշենք, որ Mentor Graphics-ը աշխարհում էլեկտրոնային դիզայնի 3 առաջատար ընկերություններից մեկն է, որի գլխադասը գտնվում է ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլանդ քաղաքում, մասնաճյուղերը՝ բոլոր եվրոպական երկրներում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Պակիստանում: Ընկերությունը ողջ աշխարհում 5.5 հազ. աշխատակից ունի: Հայաստանում հիմնվել է 2008 թ.՝ գնելով Ponte solutions ընկերությունը:
Ի. Դումանյանի տեղեկացմամբ՝ կարճ ժամանակում ընկերության հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների թիվը 45-ից հասել է 120-ի: Ներկայում կենտրոնը ամբողջությամբ ծրագրային ապահովման մասնաճյուղ է, ինչը կարեւորվում է գլխադասային գրասենյակի կողմից:
Ինչ վերաբերում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունից կադրեր քաշելուն, Ի. Դումանյանն ասաց. «Քաշելու խնդիր չկա, ամեն ինչ լեգալ ենք անում՝ հայտարարություն ենք տալիս, մեզ կամովի են դիմում: Ստեղծում ենք լավ պայմաններ՝ ոչ միայն աշխատավարձ, այլեւ աշխատանքի լավ պայմաններ, որի շնորհիվ աշխատակիցն ունենում է մասնագիտական աճ: Մեզ ոչ միայն Սինոփսիսից են դիմում, այլեւ շատ ու շատ այլ ընկերություններից, դիմումատուն մի քանի ինտերվյու է անցնում»:
Բացի այդ՝ ընկերությունն ապահովում է 100%-ով բժշկական ապահովագրություն, կիրառում է խրախուսական միջոցներ:
Ի. Դումայանի խոսքով՝ իրականացնում են նաեւ կրթական ծրագրեր: Մեկ տարի առաջ հետազոտական ծրագիր են իրականացրել Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հետ՝ հնարավորություն տալով ուսանողներին պայմանագրային հիմունքներով աշխատել ընկերության մասնագետների հետ: Ներկայում համագործակցում են Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ:





























