Չինաստանը չորեքշաբթի միացել է Իրանի դեմ ՄԱԿ-ի մշակած նոր պատժամիջոցների քննարկմանը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ռուսաստանի բարձրաստիճան անձանց հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը» հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Լիալ Գրանտը:
Նրա խոսքով, «վեցնյակը» նախօրեին հեռախոսային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Իսլամական Հանրապետության դեմ նոր պատժամիջոցներին:
Գրանտը նշել է, որ ՉԺՀ-ն տրամադրված չէ աջակցություն ցուցաբերել ՄԱԿ-ի պատժամիջոցների չորրորդ փաթեթին, եւ վեց երկրների ներկայացուցիչներին այդպես էլ չի հաջողվել համաձայնության հասնել:
Նա նաեւ հաղորդել է, որ Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցների քննարկումը կայանալու է հաջորդ շաբաթ, եւ որ հնարավոր միջոցները կարող են ազդել Իրանի հեղափոխական գվարդիայի, արդյունաբերության, ապահովագրության եւ բեռնափոխադրումների վրա:
Միեւնույն ժամանակ, ինչպես ասել է ՄԱԿ-ում ՉԺՀ ներկայացուցիչ Լի Բաոդունը, Չինաստանը նախկինի պես իրանական ատոմային ծրագրի դիվանագիտական լուծման կողմնակիցն է: Ըստ նրա՝ Չինաստանի համար չափազանց կարեւոր է խաղաղության եւ կայունության պահպանումը Մերձավոր Արեւելքում:




























