Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեբ կայքը «Սիներջի Ինթերնեշնլ Սիսթըմզ» ընկերության պորտալ պլատֆորմայի վրա է իրականացված: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ամերիկյան այդ ընկերության հայաստանյան կենտրոնի մոնիթորինգի եւ գնահատման բաժնի տնօրեն Դավիթ Քոչարովը:

Ընկերությունն իր ծրագրային լուծումները ներկայացնում էր «ԴիջիԹեք էքսպո 2013» ցուցահանդեսում, որն անցկացվեց Երեւանում՝ հոկտեմբերի 4-6-ին:

«Սիներջի Ինթերնեշնլ Սիսթըմզ»-ի գլխադաս մարմինը գտնվում է Վաշինգտոնում: Ընկերությունը տվյալների բազաների համակարգեր է մատակարարում 50-ից ավելի երկրներում: Հայաստանյան կենտրոնում ներկայում աշխատում են 200-ից ավելի մասնագետներ:

Դ. Քոչարովի տեղեկացմամբ՝ ներկայում աշխատում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ: Հայաստանում ծրագրեր են իրականացրել նաեւ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի հետ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ: «Հանրային ոլորտում իրականացվող բարեփոխումները մեր նման ընկերությունների մոտ հետաքրքրություն են առաջացնում Հայաստանի նկատմամբ»,- ասաց Դ. Քոչարովը: