ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի իրավապահները կալանավորել են Silk Road թմրանյութերի համացանցային խանութի գործունեության հետ կապ ունեցող մի շարք անձանց:

USA Today-ը գրում է, որ Silk Road-ի գործով կալանավորվել են Ամերիկյան Վաշինգտոն նահանգի Բելվյու քաղաքի երկու բնակիչներ, Մեծ Բրիտանիայի չորս քաղաքացիներ, նաեւ Շվեդիայի հարավային Հելսինգբորգ քաղաքի երկու բնակիչներ:

Նրանց բոլորին համացանցի միջոցով թմրանյութեր տարածելու մեղադրանքներ են ներկայացվել:

Ամենալուրջ մեղադրանքները Սթիվեն Լլոյդ Սադլերի եւ Ջեննա Ուայթի դեմ են, որոնք կալանավորվել են Բելվյուում: Ըստ քննիչների՝ Սադլերն ու Ուայթը Silk Road-ում ամենատարածված NOD էջի ստեղծողներն են (օգտվողների ավելի քան 1400 արձագանք, որոնք պատմում են NOD-ի մատակարարած ապրանքների որակի մասին), հայտնում է lenta.ru-ն:

Թմրանյութերի անանուն Silk Road առցանց շուկայի հիմնադիր Ռոսս Ուիլյամ Ուլբրիխտը ԱՄՆ-ի ոստիկանության կողմից ձերբակալվել էր 2013թ. հոկտեմբերի 2-ին: Նրան թմրավաճառության, հաքերության եւ փողերի լվացման մեղադրանքներ էին առաջադրվել: Բացի այդ, նա մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ: Ներկայումս ՀԴԲ-ն այդ կայքը փակել է: