Հայաստանում առնվազն 2 ընկերություն պատրաստ են անօդաչու թռչող սարքերի արտադրություն զարգացնել: Երկուսն էլ իրենց գաղափարները ներկայացրել էին «ԴիջիԹեք էքսպո 2013» ցուցահանդեսում, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 4-6-ին:

«ԱրմԿոպտերս» կազմակերպությունը հանդիսանում է անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ ) արտադրող աշխարհահռչակ  DJI, ZERO, T-Motor եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերության տնօրեն Արմեն Սաֆարյանն ասում է, որ պատրաստ են տարբեր քաշի, չափերի ու նշանակության կոպտերսներ (ուղղաթիռատիպ թռչող սարքեր) արտադրել պատվերների դեպքում, իսկ եթե պահանջարկ լինի՝ կանցնեն նաեւ ինքնաթիռների արտադրությանը: Կոպտերսները կարող են բարձրանալ մինչեւ 0,5-1,5 կմ, ինքնաթիռը՝ 2 կմ: Թռիչքի հեռավորությունը 30-40 կմ է:

Բավական բարձր են հավակնությունները «Ինթիգեյթ ռոբոտիքս» ընկերության մոտ («Ինսթիգեյթի» դուստր ձեռնարկությունն է): Ընկերության ինժեներ Վահագն Պողոսյանն ասում է, որ ազատ տնտեսական գոտում տարածք են վերցնելու եւ զբաղվելու են անօդաչուների արտադրությամբ եւ արտահանմամբ: Դրան նպաստում է ԱՄՆ Իլլինոյսի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, ով ԱՄՆ-ում ունի քառապտուտակ ուղղաթիռներ արտադրող ընկերություն: Բուն արտադրությունը Դանիայում է, սակայն այնտեղ չեն հասցնում պատվերները կատարել: Այդ պատճառով պատվերների մի մասը տեղափոխվում է Հայաստան: Սակայն Վ. Պողոսյանն ասում է, որ մշակում են սեփական ծրագրային ապահովում եւ տոխնոլոգիաներ, ինչը թույլ կտա արտադրությունն իրականացնել առանց դանիացիներից կախվածության; Ներկայում կոպտերները մեծ պահանջարկ ունեն ԱՄՆ, Բրազիալիայի եւ այլ երկրների գյուղատնտեսական շրջաններում, քանի որ դրանցով ավելի հեշտ է վերահսկել դաշտերի վիճակը: Բացի այդ՝ կարելի է մշտադիտարկման ենթարկել նավթամուղներն ու գազամուղները, օգտագործել արտակարգ իրավիճակներում, լեռնային շրջաններում եւ այլն: Մասնավորապես՝ 6պտուտականոց կոպտերներն ի վիճակի են ֆոտոապարատ տանել ու շատ բարձր որակով նկարահանումներ են կատարում: