Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր՝ հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Դեսպանի նշանակումից հետո սա առաջին այցն էր բնապահպանության նախարարին:
ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարար Արամ Հարությունյանն ողջունելով դեսպան Ռեիսիին` ընդգծել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը եւ հույս հայտնել, որ նոր դեսպանի հետ սերտ համագործակցության արդյունքում, ավելի կխորանա բնապահպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությունը:
«Մենք բազմաթիվ համատեղ ծրագրեր ունենք, որոնց շուրջ ակտիվ գործունեություն ենք ծավալում, մասնավորապես՝ հայ -իրանական սահմանին «Խաղաղության այգու» ստեղծման ուղղությամբ»,-նշել է նախարար Արամ Հարությունյանը:
Դեսպան Ռեիսին մեկ անգամ եւս ընդգծել է Հայաստանի եւ Իրանի միջեւ փոխգործակցության բարձր մակարդակը եւ նկատել, որ բոլոր պայմանավորվածություններն, որոնք եղել են Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ, ուժի մեջ են եւ կողմերը պետք է աշխատեն դրանց զարգացման ուղղությամբ:
Իրանի դեսպանը բնապահպանության նախարարին փոխանցել է Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական կազմակերպության ղեկավար ԻԻՀ նախագահի տեղակալ Մասումե Էբթեքարի բանավոր հրավերը, իրեն հարմար ժամանակահատվածում այցելել Իրան:
Նախարար Արամ Հարությունյանը սիրով ընդունել է հրավերը եւ հայտնել, որ այցի ժամկետների մասին հնարավոր կլինի խոսել միայն դիվանագիտական խողովակներով հրավերը ստանալուց եւ այցի օրակարգը համատեղ կազմելուց հետո:
Կողմերը նպատակահարմար են գտել նաեւ համատեղ ընդլայնված նիստ գումարել աշխատանքային խմբերի մասնակցությամբ, որտեղ կներկայացվեն Արաքս գետից փորձանմուշներ վերցնելու լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Իրանի դեսպանը եւ բնապահպանության նախարարը քննարկել են նաեւ իրանցի մասնագետների՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Հայաստանի փորձին ծանոթանալու հնարավորությունները:





























