Համաներմամբ ազատ արձակված Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն այժմ հանգստանում է եւ վայելում մտերիմների ներկայությունը: «Թոռներիս, մորս հետ նստած հեռուստացույց եմ նայում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարգար Օհանյանը:

Հարցին, թե առաջիկայում ինչ պլաններ ունի, հնարավո՞ր է անցնի աշխատանքի կամ ցանկություն ունի՞ վերադառնալ ոստիկանական համակարգ, նա պատասխանեց. «Հանգստանալու եմ, առայժմ ոչինչ չեմ կարող ասել: Հիմա զբաղված եմ թոռներովս, խաղեր ենք սովորում, ինչը կորցրել ենք, հետ ենք բերում թոռնիկ-պապիկ հարաբերության մեջ, մնացածը ապագան ցույց կտա»: Դիտարկմանը, թե թոռները հարցախեղդ չե՞ն անում, թե որտեղ էիք, նա նշեց, որ «իրենք գիտեին, որ ես բուժման եմ գնացել»:

Ի դեպ, Մարգար Օհանյանի առողջականն այժմ լավ է, նա չի ցանկանում որեւէ հարցի պատասխանել, խնդրում է թույլ տալ իրեն հանգստանալ եւ կարոտն առնել, իսկ երբ հարմար գտնի, այդ ժամանակ էլ կխոսի:

Հարցին, թե արդարացի՞ եք համարում ձեր համաներմամբ ազատ արձակվելը, մի շարք փաստաբաններ ասում էին, որ քանի որ Դուք պատճառված վնասը հատուցել եք, պետք է ավելի վաղ ազատ արձակվեիք, նա պատասխանեց. «Փաստաբանները իրենց կարծիքն ունեն, ես իմ կարծիքն ունեմ, նրանք արդեն իմ շահերը չեն պաշտպանում, պաշտպանել, վերջացրել են»:

Նշենք, որ Մարգար Օհանյանը դիտել էր Հայաստան-Բուլղարիա խաղը եւ ուրախացել մեր հավաքականի հաղթանակի համար, իսկ Երեւանի օրվա կապակցությամբ պատրաստվում էր թոռներին վերցնել եւ իջնել Էրեբունի թանգարան, «բացատրելով գամ, դա իմ պարտականությունների մեջ է մտնում, գոնե դա կատարեմ, ինչ-որ ժամանակի բաց եմ թողել»:

Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում էր պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին: Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար)  չափով վնաս: Բայց նա պետությանը հասցրած վնասը փոխհատւցել էր եւ վերադարձրել գումարները: Անկախության տոնի առթիվ ընդունված համաներման որոշման արդյունքում Մարգար Օհանյանը եւս ազատ է արձակվել: