Բրազիլիայի իշխանությունները կգործադրեն բոլոր ջանքերը՝ երկրի էլեկտրոնային փոստը լրտեսումից պաշտպանելու համար:

Նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ  դա պաշտոնական հաղորդագրությունների պաշտպանությանն ու հնարավոր լրտեսումը կանխարգելելուն ուղղված առաջին քայլը կդառնա, փոխանցում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Globo-ն:

 «Տվյալների մշակման դաշնային ծառայությանը հանձնարարել եմ վստահելի email-համակարգ ներդնել` դաշնային ողջ կառավարության համար»,– Twitter-ի իր էջում գրել է Ռուսեֆը:

Ավելի վաղ ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի նյութերից հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Կանադայի հետ համատեղ լրտեսել է երկրի նախագահին եւ Բրազիլիայի  հանքարդյունաբերության եւ էներգետիկայի նախարարին: Դա դարձել էր երկրների միջեւ կոնֆլիկտի պատճառ, որի հետեւանքով էլ չեղյալ էին հայտարարվել մի քանի այցեր, այդ թվում նաեւ` Ռուսեֆի այցը: Բրազիլիան լրտեսության համար խիստ քննադատել էր ԱՄՆ-ին: