Anonymous-ի հաքերները սպառնացել են հանդես գալ ամերիկյան Մերիվել քաղաքում բռնաբարության ենթարկված երկու աղջիկների պաշտպանությամբ, եթե տեղի իշխանությունները շարունակեն անգործություն ցուցաբերել սպանության հետաքննման հարցում: Այս մասին տեսաուղերձը նրանք տեղադրել են YouTube-ում, գրում է Los Angeles Times-ը:
Հաքերները որոշել են իրավիճակին միջամտել լրագրողական հետաքննության արդյունքների հրապարակումից հետո: Kansas City Star թերթի տվյալով՝ բժշկական տեղեկանքների արդյունքները ցույց են տվել, որ աղջիկները հարբած են եղել: Հաքերները ենթադրում են, որ հանցագործները դիտմամբ են խմեցրել աղջիկներին:
13 եւ 14 տարեկան երկու աղջիկներին 2012թ. բռնաբարել էին տեղացի դեռահասները: Հունվարի 8-ի գիշերն աղջիկները տնից փախել էին՝ իրենց ծանոթի՝ 17-ամյա Մեթյու Բարնեթի եւ նրա ընկերոջ հետ հանդիպելու: Բարնեթի տանն աղջիկներին բռնաբարել էին: Մեկ այլ երիտասարդ կատարվածը նկարահանել էր տեսախցիկով, հայտնում է NEWSru.com-ը:
Դրանից հետո Բարնեթը տուժածներից մեկին՝ Դեյզի Քոուլմանին տարել թողել էր վերջինիս տան մուտքի մոտ: Գիշերը ցուրտ էր եղել, եւ երբ առավոտյան կողմ մայրը հայտնաբերել էր դստերը, նրա մազերը կպած էին եղել հատակին: Աղջիկը գրեթե ոչինչ չէր հիշել:
Ոստիկանությունը մեղադրանք էր ներկայացրել Մեթյու Բարնեթին, սակայն շուտով մեղադրանքները հանվել էին, իսկ տուժածները սկսել էին անանուն սպառնալիքներ ստանալ: Այնուհետեւ Դեյզի Քոուլմանի մորը հեռացրել էին աշխատանքից, իսկ նրանց տունը, երբ վերջիններս քաղաքից մեկնել էին, չպարզված հանգամանքներում այրվել էր: Միսիս Քոուլմանը ենթադրում է, որ այդ ամենը պայմանավորված է Բարնեթի հոր՝ քաղաքում ազդեցիկ մարդու միջամտությամբ:
Հաքերները չեն հստակեցնում, թե հատկապես ինչ միջոցներ կարող են ձեռնարկել: Չի բացառվում, որ նրանք սկսեն կոտրել տարբեր պետմարմինների կայքերը եւ հասարակական հայտնի գործիչների էջերը:





























