Իրանը Ժնեւում բանակցությունների ընթացքում «վեցյակին» ներկայացրել է իր միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման միանգամայն նոր առաջարկներ:  Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական պատվիրակության աղբյուրը:

«Ավարտել անպետք ճգնաժամը եւ նոր հորիզոններ բացել» խորագրով  ծրագիրը նախատեսում է խնդրի  աստիճանական լուծում:  «Վեց ամսվա ընթացքում, առավելագույնը՝ մեկ տարում, կարելի է վերացնել հարցի սրությունը եւ այն տեղափոխել բացառապես ԱԷՄԳ-ի քննարկման շրջանակ», - նշել է գործակալության զրուցակիցը:

Հոկտեմբերի 15-ին ժնեւում մեկնարկել է Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ Իրանի եւ  միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) բանակցությունների հերթական փուլը: 

Իրանի եւ  «վեցյակի» բանակցությունների մթնոլորտը դրական է, բոլոր առաջարկները քննարկվում են: Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԵՄ-ի արտաքին հարցերով եւ անվտանգության քաղաքականության գերագույն  ներկայացուցչի մամուլի քարտուղար Մայքլ Մանը: Նա ուշադրություն է դարձրել, որ  կառուցողական մթնոլորտը մասամբ պայմանավորված է նախկինում Իրանի արած առաջարկներով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  

Մայքլ Մանը նշել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը կարող է վերանայվել միայն Թեհրանի կողմից իրական քայլերի դեպքում: «Քանի դեռ պատժամիջոցների պատճառներ կան, դրանք կմնան նշել է նա: - Միայն երբ մենք իրական փոփոխություններ տեսնենք, հնարավորություն կլինի վերանայել պատժամիջոցների ռեժիմը»: