LG ընկերությունը իր նոր  LG G2 սմարթֆոնի գովազդը տարածում է Samsung Galaxy-ից, iPhone-ից  եւ HTC-ից օգտվողներին: Գովազդային հայտարարություններում  ընկերությունը ծաղրում է մրցակից արտադրողների սմարթֆոնները:

Մասնավորապես  Samsung Galaxy-ի տերերին հարցնում են, թե արդյոք շատ երկար չեն  սպասում սմարթֆոնում տվյալների բեռնմանը: LG-ն վստահեցնում է, որ G2-ում հաստատված Snapdragon 800 պրոցեսորը 20%-ով ավելի արագ է աշխատում, գրում է  gazeta.ru-ն՝ վկայակոչելով Business Insider-ը:

iPhone –ից օգտվողները գովազդային հայտարարությունն ստանում են՝ մանր տառատեսակով գրված, որտեղ հարց է տրվում, թե արդյոք շատ դժվար չէ դա կարդալը, չէ որ iPhone-ի  4 դյույմանոց դիսփլեյը չի կարող համեմատվել  G2-ի հետ, որի տրամագիծը մեկ դյույմով ավելի է:

Վերջապես, HTC-ի տերերին հարցնում են, թե չեն հոգնել իրենց սմարթֆոնը լիցքավորելուց:  Գովազդը պնդում է, որ G2-ի մարտկոցը 30% -ով երկար է աշխատում:

Գովազդային հայտարարությունների հեղինակն է Սթոքհոլմի M&C Saatchi ընկերությունը:

Ավելի վաղ Nokia –ն ծաղրել էր iPhone 5C սմարթֆոնները, որոնք առաջարկվում են հինգ տարբեր գույներով: Nokia-ի բրիտանական մասնաճյուղը իր թվիթերում  Lumia-ի բազմագույն մոդելների նկարներն էր հրապարակել: «Շնորհակալություն, Apple»,– գրել էին  Twitter-ում:  «Նմանակումը գովասանքի լավագույն դրսեւորումն է»: