Իռլանդիան հայտարարել է հարկային սողանցքը վերացնելու մասին, որը Apple-ին հնարավորություն էր տալիս մոտ 40 միլիարդ դոլար հարկ վճարելուց խուսափել: Երկրի ֆինանսների նախարար Մայքլ Նունանը հայտնել է, որ ծրագրում է Իռլանդիայում գրանցված ընկերություններին պարտավորեցնել հարկային քաղաքացիություն ստանալ:
Միաժամանակ, Իռլանդիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունները կարող են դառնալ ցանկացած երկրի հարկային քաղաքացի, ներառյալ այն պետությունները, որտեղ հարկային զրոյական տոկոսադրույք է գործում, օրինակ՝ Բերմուդյան կղզիներում: Նա նաեւ հերքում է, որ տվյալ քայլերը կապված են ԱՄՆ-ի կողմից ճնշման հետ, հայտնում է rbc-ն:
Տվյալ օրենսդրական նախաձեռնությունը հազիվ թե մեծացնի ընկերությունների հարկային հատկացումները, որոնք այլ սողանցք կարող են գտնել, հայտնում է Reuters-ը:
Նշենք, որ Apple-ից բացի Դուբլինում դուստր ձեռնարկություններ ստեղծելու ճանապարհով հարկերից խուսափելու հնարավորությունից օգտվում են նաեւ Google-ը եւ Microsoft-ը:
2013թ. մայիսին հաղորդվել էր, որ Apple-ը մասնաճյուղային ընկերությունների միջոցով ԱՄՆ-ի սահմաններից դուրս էր հանել իր 145 միլիարդ դոլարից 102 միլիարդ դոլարը ՝ տարեկան հարկ վճարելուց խուսափելու համար: Հաղորդվել էր, որ փողերի մի մասը Իռլանդիայում է, որտեղ խոշոր ընկերությունների շահույթի կորպորատիվ հարկը 12% է: Դրանից էլ օգտվում են միջազգային ձեռնարկությունները, այդ թվում նաեւ՝ Apple-ը:





























