Այսօր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ուշադրության կենտրոնում է գտնվում ինովացիոն տեխնոլոգիաների կոմերցալիզացիայի հատվածը։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Յուրի Շուքուրյանը՝ ավելացնելով, որ այսօր չկան համապատասխան մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան գիտնականին կյանքի կոչել որեւէ կարեւոր կիրառական նախագիծ։
«Ֆինանսավորման մեխանիզմները թույլ են, պետք է լինեն հստակ մեխանիզմներ, որոնք ընդառաջում են գիտնականին, որպեսզի նա զբաղվի ինովացիոն գործունեությամբ»,- ասաց Շուքուրյանը` ավելացնելով, որ այժմ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան փորձում է ուղիներ գտնել, որ պետությունն ու մասնավոր ընկերությունները օժանդակեն գիտական նախագծերի իրագործմանը:
Ազգային ակադեմիայի փոխնախագահի խոսքով` իրենք տարբեր բնագավառներին վերաբերող 30-ից ավել նորարարական նախագծերի առաջարկներ են ներկայացրել կառավարությանը` կենսաբանական գիտությունից մինչեւ տեղական հումքից պատրաստվող նոր նյութերի արտադրություն, եւ սպասում են դրական պատասխանի: Վերոնշյալ նախագծերը ուղարկվել են նաեւ ԱՊՀ երկրների ինովացիոն կենտրոն։




























