Մարտի 27-ին 20.30-21.30 կանջատվեն Երեւան քաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի եւ օբյեկտների արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան, ինչպես նաեւ քաղաքի պողոտաների եւ հիմնական փողոցների լուսավորությունը։ Այս մասին մարտի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան ներկայացուցիչ Կարեն Մանվելյանը՝ ավելացնելով, որ այս կերպ Հայաստանը միանալու է WWF-ի կլիմայի փոփոխությունների դեմ մղվող համաշխարհային ակցիային, որը կոչվում է «Մոլորակի ժամ»։

«Այս ակցիայի նպատակը հասարակությանը, բիզնես հանրությանը, կառավարություններին եւ համայնքներին միավորելն է մեկ ժամով՝ կլիմայի փոփոխությունների եւ բնական ռեսուրսների սպառման դեմ պայքարին»,- ասաց Մանվելյանը՝ ավելացնելով, որ լույսերը մեկ ժամով անջատելով՝ ակցիայի բոլոր մասնակիցները իրենց աջակցությունն են ցուցաբերում կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարին։

«Մոլորակի ժամ»-ին միացել են Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» բանկը, «Կոնգրես» հյուրանոցը, «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնը եւ մի շարք այլ կազմակերպություններ։

Տեղեկացնենք, որ «Մոլորակի ժամ» համաշխարհային քարոզարշավն առաջին անգամ մեկնարկել է 2007թվականին՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում։ 2009 թվականին «Մոլորակի ժամ» ակցիային ողջ աշխարհում, ավելի քան 4000 քաղաքներում մասնակցել է շուրջ 1 մլրդ. մարդ։