Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել Զորի Բալայանի նամակի մասին եւ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ այդ նամակը չի քննարկվել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք փորձեր արեցին այդ նամակի կապակցությամբ մեկնաբանությամբ հանդես գալ, տպավորությունն այնպիսին է, որ նամակն ուշադիր չեն կարդացել: «Ինչ վերաբերում է մեր կարծիքին, ապա եւս մեկ անգամ պատրաստ եմ ասել՝ Արցախը ավելի մեծ է, քան ԼՂԻՄ-ը: Արցախը եւ Նախիջեւանը երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում, Ադրբեջան պետությունն արհեստական պետական միավորում է: Կովկասում հայերն ու ռուսները եղել են դաշնակիցներ եւ հինգերորդ` մեր տարածաշրջանում հիմնական վտանգը մնում է Թուրքիան եւ Ադրբեջանը՝ իրենց ֆաշիստական նկրտումներով»,- ասաց Էդուրադ Շարմազանովը եւ եզրափակեց. «Արցախը Հայաստան է եւ վերջ»:
Հիշեցնենք, որ Զորի Բալայանը Պուտինին ուղղված իր նամակում հիշեցնում էր Գյուլիստանի պայմանագիրը, որով ողջ Կովկասը, այդ թվում Հայաստանն ու Արցախը մտնում են Ռուսաստանի կազմի մեջ եւ նշում, որ այդ պայմանագրերը հավերժական բնույթ ունեն: Զորի Բալայանը ընդգծում է, որ Խարաբաղի խնդիրն իրականում Ռուսաստանի խնդիրն է եւ որ Ռուսաստանը պետք է գա ու վերցնի Արցախն ու Հայաստանը:


























