Տեխնոլոգիական «ԱրմԹեք» եւ «ԴիջիԹեք էքսպո» միջոցառումների համատեղումն արդարացրեց իրեն; Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը: Նա հիշեցրեց, որ «ԱրմԹեք» համաժողովը հաջորդաբար տեղի է ունենում ԱՄՆ Սիլիկոնային հովտում եւ Հայաստանում, ու այս տարի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով որոշվել է համատեղել «ԴիջիԹեք էքսպո 2013» ցուցահանդեսի հետ:

«Համատեղության այս առաջին փորձը կարծում եմ՝ հաջողվեց, քանի որ նույն հարթակի վրա կարողանում էինք քննարկել խնդիրներն ու ցուցադրել հաջողությունները»,- ասաց Կ. Մինասյանը:

«ԴիջիԹեք էքսպո»-ին այցելել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ «ԱրմԹեք» համաժողովին մասնակցում էր վարչապետը: Կ. Մինասյանի խոսքով՝ այս հանգամանքը վստահություն է ներշնչել օտարերկրյա ընկերությունների մոտ, նրանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանում ՏՏ ոլորտին լուրջ են վերաբերում: Այսպես՝ «Ռոստելեկոմը» պատրաստ է ինովացիոն նոր լուծումներ բերել Հայաստան, քննարկում են վենչուրային կապիտալում մասնակցության հարցը: «Սիսկո» ընկերության հետ եւս որոշ համաձայնություններ են ձեռք բերվել:

Հիշեցնենք, որ «ԱրմԹեքը» տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին՝ «ԴիջիԹեքի» հետ զուգահեռ: