BlackMarket Reloaded ինտերնետ-խանութը, որը զբաղվում է թմրանյութերի առք ու վաճառքով, փակվել է, երբ ինտերնետում հայտնվել է կայքի կոդը: Կոդը հրապարակող փոսթը հոկտեմբերի 16-ին տեղադրվել է iobm.net ֆորումում: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Mashable պարբերականը: Ենթադրվում է, որ կայքը կվերականգնվի եւ հասանելի կդառնա մեկ ամսից:

BlackMarket Reloaded ինտերնետ-խանութը հիմնադրվել է 2011-ին: Բացի թմրանյութերից, կայքը զբաղվել է նաեւ զինամթերքի, կեղծ փաստաթղթերի եւ այլ ապօրինի ապրանքների վաճառքով:

BlackMarket Reloaded-ը համարվում է Silk Road-ի մրցակիցը, որը եւս մասնագիտացած էր թմրանյութեր վաճառելու մեջ: Վերջինս փակել է ՀԴԲ-ն: Կայքի ենթադրյալ հիմնադիրը ներկայումս բանտարկված է եւ սպասում է դատավարությանը: