Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանում հոկտեմբերի 18-ին բացվել են Կասպերսկիի լաբորատորիայի ուսումնական եւ հավաստագրման կենտրոններ: Բացմանը ներկա է եղել «Կասպերսկիի լաբորատորիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին:
«Այսօր համակարգչային անվտանգությունը շատ կարեւոր է: շատ մասնագետներ են պահանջվում պետական եւ կոմերցիոն տեղեկատվական համակարգերն անվտանգ դարձնելու համար: Այնպես որ, համակարգչային անվտանգության մասնագետները պահանջված կլինեն եւ կստանան նաեւ բարձր աշխատավարձ», - նշել է Կասպերսկին՝ դիմելով ուսանողներին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Կասպերսկիի լաբորատորիայի» կրթական ծրագրերի ղեկավար Վենիամին Գինոդմանը նշել է, որ երեւանյան կենտրոնը կդառնա ԱՊՀ երկրներում բացվածներից առաջիններից մեկը: Ի պատասխան հարցին, թե հայ ուսանողների մշակումները հասցրել են արդյոք ուշադրություն գրավել, Գինոդմանը նշել է, որ «ուսումնական տարին դեռ նոր է սկսվել, թեեւ հայ ուսանողների հնարավորությունների վրա չպետք է կասկածել»:





























